Կամուրջներ
Ագռավի 2 – Երևանի Կարմիր կամուրջ
Երևանի Կարմիր կամուրջը կառուցվել է 12-րդ դարում։ Նրանով էին դեպի քաղաք գնում բոլոր քարավանները, այն նաև կապում էր Էրիվանի ամրոցն ու Արարատյան դաշտը։ Շինված լինելով կարմրավուն աղյուսից՝ այն կոչվել է Կարմիր կամուրջ, սակայն կառույցը հայտնի է նաև Քանաքեռի մեծահարուստ հայ առևտրական Խոջա Փլավի անունով, ում միջոցներով կամուրջը վերականգնվել է 1679 թվականի երկրաշարժից հետո։
Մինչև 1940-ականների կեսերը՝ մինչ Հաղթանակի կամրջի կառուցումը, Կարմիր կամուրջը Հրազդան գետի վրա եղած գլխավոր և միակ կամուրջն էր, որը կապում էր քաղաքը աջ ափի հետ։ Սակայն Հաղթանակի կամրջի կառուցումից հետո Կարմիր կամուրջը լքված էր։
2023 թվականին սկսվել են կամրջի վերականգնման աշխատանքները՝ մասնավոր ներդրողի միջոցներով։
Ագուռի 2 - Դավթաշենի կամուրջ
Կամրջի շինարարությունը, որի նպատակը Հրազդանի կիրճով կտրված Դավթաշենի վարչական շրջանը քաղաքի հետ կապելն էր, սկսվել է 1978 թվականին։ Մինչ այս կամրջի կառուցումը Դավթաշեն հասնելու ամենամոտ ճանապարհը 1956 թվականին կառուցված Կիևյան կամուրջն էր։
Շինարարությունը սկսվելուց անմիջապես հետո աշխատանքները սառեցվեցին, ապա վերսկսվեցին միայն Խորհրդային Միության փլուզումից հետո: Կամուրջը շահագործման հանձնվեց 2000 թվականին։ Դավթաշեն թաղամասի կողմից կամրջի մոտ կանգնեցվել է հուշաքար՝ ի պատիվ կամրջի հեղինակ և գլխավոր ճարտարապետ Սեմյոն Արմենի Բաղդասարյանի։
Դավթաշենի կամուրջն իր բարձրության և հարմար դիրքի շնորհիվ էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների կողմից օգտագործվում է ցատկեր կատարելու և զիփլայնով թռչելու համար:
Կամրջի ընդհանուր երկարությունը 496 մետր է, լայնությունը՝ 32 մետր։
Խաչի 2 - Հրազդանի մեծ կամուրջ
Բոլորին որպես Կիևյան կամուրջ հայտնի Հրազդանի մեծ կամրջի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1956 թվականի մայիսի 12-ին։ Կիրճի վրա ավելի քան 60 մետր բարձրությամբ կախված՝ 335 մետր երկարությամբ կամուրջն այն ժամանակ խոշորագույններից մեկն էր Եվրոպայում։
Կամրջի շահագործման հանձնումը տեղի է ունեցել «երկրորդ փորձից». փաստն այն է, որ առաջին կոնստրուկցիան փլվել է՝ խլելով մի քանի տասնյակ մարդկանց՝ հիմնականում ռազմագերիների կյանքեր։ Կա ողբերգության մի քանի վարկած, իսկ ամենաարժանահավատ տարբերակն այն է, որ կամրջի կիսակամարների՝ միասին համադրված մետաղական հիմնակմախքները ամրացված են եղել սխալ մակնիշի պողպատից պատրաստված՝ բավարար ամրություն չունեցող հեղույսներով, և դրանք չեն դիմացել ծանրաբեռնվածությանը։
Կամուրջը պատվով անցավ ամրության երկրորդ փորձությունը. նրա վրա կանգնեցրին ծանր քարերով բեռնված բազմաթիվ բեռնատարներ, ինժեներները չափեցին կամրջի թեքությունը ծանրաբեռնվածության տակ, իսկ Ծիծեռնակաբերդի բլրի վրա և հակառակ կողմում, որտեղ շուտով հայտնվելու էր երևանյան Աջափնյակը, հավաքված պարապ մարդիկ շունչները պահած աղոթում էին, որ նորից սարսափելի բան չկատարվի: Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող անցավ, և ճարտարապետ Գրիգորի Աղաբաբյանի ստեղծագործությունը զարդարեց Հայաստանի մայրաքաղաքը։
Սրտի 2 - Հաղթանակի կամուրջ
Կամրջի շինարարությունը սկսվել է 1941 թվականին, իսկ 1945 թվականի նոյեմբերի 25-ին կամուրջը շահագործման է հանձնվել և կոչվել Հաղթանակի կամուրջ՝ ի նշանավորումն Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի։
Սա Երևանում Հրազդան գետի վրայով գցված յոթկամարանի կամուրջ է։ Կամրջի երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25 մ, իսկ բարձրությունը՝ 34 մ։
Պատերազմի ժամանակ առաջացած աշխատուժի սղության պատճառով Ստալինգրադի ճակատամարտից հետո կամրջի կառուցմանը ներգրավեցին գերմանացի ռազմագերիների առաջին խմբերը։
Այն պատերազմական շրջանի ամենամեծ ինժեներական կառույցն էր Հայաստանում։
Նախագծի հեղինակներն են ճարտարագետ Ս.Հովնանյանը, ճարտարապետներ Ա.Մամիջանյանը և Ա.Ասատրյանը։