Հուշարձաններ
Ագռավի թագավոր - Ալեքսանդր Թամանյան
20-րդ դարի մեծ ճարտարապետ, հայկական նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ։
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը, որ կանգնեցվել է 1974 թվականին, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի դիմաց։ Հասցեն՝ Մոսկովյան փող., 10
Հեղինակներն են քանդակագործ Արտաշես Հովսեփյանը և ճարտարապետ Սեդա Պետրոսյանը։
Ագուռի թագավոր – Ավետիք Իսահակյան
Հայ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի հուշարձանը, որը կանգնեցվել է 1965 թվականին, գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ։
Հեղինակներ՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյան և ճարտարապետ Լիպարիտ Սադոյան
Խաչի թագավոր - Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)
Հայ երաժշտագիտության հիմնադիր, հայ ականավոր կոմպոզիտոր, բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ։ Վարդապետ։
Կոմիտասի հուշարձանը, որը կանգնեցվել է 1988 թվականին, գտնվում է Երևանի պետական կոնսերվատորիայի այգում։
Հեղինակներ՝ քանդակագործ Արա Հարությունյան և ճարտարապետ Ֆենիքս Դարբինյան։
Սրտի թագավոր – Մարտիրոս Սարյան
Նկարիչ, գեղանկարիչ և գրաֆիկ, հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից․ բնանկարի և նատյուրմորտի վարպետ, բեմանկարիչ և նկարազարդող:
Մարտիրոս Սարյանի՝ 1986 թվականին կանգնեցված հուշարձանը գտնվում է Սարյանի անվան պուրակում, որը հաճախ անվանում են Վերնիսաժ․ հանգստյան օրերին այնտեղ անցկացվում են նկարիչների ցուցահանդես-վաճառքներ։
Հեղինակներ՝ քանդակագործ Լևոն Թոքմաջյան և ճարտարապետ Արթուր Թարխանյան։