Քաղաքային քանդակներ
Ագռավի վալետ - Տղամարդիկ
«Տղամարդիկ» կուլտային ֆիլմի հերոսների արձանախումբ. Այն մարմնավորում է ֆիլմի չորս գլխավոր հերոսների կերպարները, որոնց դերերը կատարել են խորհրդային դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Ավետիք Գևորգյանը և Արմեն Այվազյանը։
Տեղադրվել է Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, բացումը տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբերի 13-ին։
Հեղինակ՝ Դավիթ Մինասյան
Ագուռի վալետ – Նարդի խաղացողը
«Նարդի խաղացողը» ժանրային քանդակը տեղադրվել է 2007թ.-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ Ռուբեն Ջաղինյանի «Կուրաժ» պրոդյուսերական կուրսի ուսանողների նախաձեռնությամբ։
Գտնվում է Երևանի Գևորգ Քոչարի անվան փողոցում՝ Երևանի դրամատիկական թատրոնի շենքի մոտ։
Հեղինակ՝ քանդակագործ Էդուարդ Շախիկյան
Խաչի վալետ – Ջրավաճառ տղան
Հին ժամանակներում ամառվա տապին փոշոտ ու աղմկոտ քաղաքի փողոցներով շրջում էին կավե կուժն ուսերին դրած տղաներն ու երևանյան սառը ջուր առաջարկում անցորդներին։ Ամեն օր կարելի էր լսել, թե ինչպես են նրանք երգեցիկ ձայնով կանչում. «Ջո՜ւր, Երևանի սառը ջուր»։ Այսօր Երևանի փողոցներով շրջող պատանի ջրավաճառներ չկան, բայց պահպանվել է հիշողությունը նրանց մասին։
«Ջրավաճառ տղան» (Երևանի սառը ջուր) քանդակը հին Երևանի ջուր վաճառողների հավաքական կերպարն է։
Քանդակը գտնվում է Բեյրութի և Խորենացի փողոցների անկյունում։ Տեղադրվել է 1970թ.-ին։
Հեղինակներ՝ ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյան և քանդակագործ Հովհաննես Բեջանյան
Սրտի վալետ - Մելամաղձություն
Երվանդ Քոչարը ստեղծել է նոր տեսակի՝ գեղարվեստական - պլաստիկ արտահայտչաձև, այսպես կոչված՝ «տարածական նկարչություն»։ Դա նրա եռաչափ աշխատանքներն են, որոնցում որպես չորրորդ չափում հանդես է գալիս ժամանակը։ Այս ոճում ստեղծված գործերից է «Մելամաղձություն» քանդակը։
1959 թվականին տեղադրված քանդակը գտնվում է Փավստոս Բուզանդ փողոցում, թիվ 1/3 շինության առջև (Նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոնի դիմաց)։
Հեղինակ՝ քանդակագործ Երվանդ Քոչար