Եկեղեցիներ
Ագռավի 7 – Սբ. Գրիգոր Լուսավորիչ
Երևանի մայր եկեղեցին կառուցվել է՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի։ Գավթում պահվում են Սբ. Գրիգորի մասունքների մի մասը՝ բերված Ներապոլի Սբ Գրիգոր Հայի (Սան Գրեգորիո Արմենո) եկեղեցուց, որտեղ պահպանվել են վերջին 500 տարիներին։ Դրանք Վեհափառ հայրապետին է հանձնել Հռոմի Հովհաննես Պողոս II պապը 2000 թ. նոյեմբերի 11-ին, Վատիկանում:
Հսկայական Մայր տաճարը բաղկացած է երեք եկեղեցիներից՝ Տաճարից (Գլխավոր եկեղեցի)՝ 1700 նստատեղով, Հայոց Տրդատ Արշակունի թագավորին և Աշխեն թագուհուն նվիրված կենտրոնագմբեթ մատուռներից (երկուսն էլ՝ 150 նստատեղով)․ նրանք նշանակալի օգնություն են ցուցաբերել Սբ. Գրիգորին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման գործում։ Մայր եկեղեցու մուտքի մոտ գտնվում է Զանգակատունը։
Մայր եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 23-ին։
Գտնվելու վայրը՝ Օղակաձև զբոսայգու հարավարևելյան մասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց։
Ագուռի 7 - Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 9-րդ դարում, հետագայում վերակառուցվել է 1632-1635 թվականներին, ապա՝ ավերվել 1679 թվականի երկրաշարժի ժամանակ, վերաշինվել է 1693-1694 թվականներին․ այն Երևանում պահպանված ամենահին եկեղեցիներից է։ Նույն տարածքում է գտնվում նաև Աստվածաշնչում հիշատակվող Սուրբ Անանիա Առաքյալի մատուռ-դամբարանը։
Եկեղեցում պահպանված մի ձեռագրում ասվում է, որ եկեղեցին կոչվել է Սուրբ Աստվածածնի անունով, իսկ ավելի ուշ ստացել Զորավոր անունը․ նա այնքան զորեղ էր, որ կարող էր հրաշքներ գործել։
Գտնվելու վայրը՝ Թումանյան փողոց, 2-րդ նրբ., 4
Խաչի 7 - Սուրբ Սարգիս եկեղեցի
Հայկական առաջնորդանիստ եկեղեցի, որ հիմնադրվել է 1450 թվականին։ Այն ժամանակ դա բարձր բերդապարսպով շրջապատված մի մեծ համալիր էր, որն իր մեջ ներառում էր Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիները, առաջնորդական փոխանորդության և ծխական դպրոցի շենքերը, այգին և այլ շինություններ։ Սբ․Սարգիս եկեղեցին եղել է Հովվապետի պաշտոնական նստավայրը։
Սբ․Սարգիս եկեղեցին ավերվել է 1679-ի մեծ երկրաշարժից, բայց Նահապետ Եդեսացի կաթողիկոսի (1691-1705) օրոք վերակառուցվել է նույն տեղում։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 1835-1842 թվականներին և օծվել սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի անունով։
Վազգեն Ա կաթողիկոսի օրոք եկեղեցին հիմնովին վերակառուցվել է։ Հին շենքը երեսպատվել է նարնջագույն տուֆով, իսկ արևմտյան կողմից կառուցվել են երգչախմբի համար նախատեսված վերնասրահը և զանգակատուն։ Հին եկեղեցուց մնացել է միայն կամարի մի մասը, որը կարելի է տեսնել աջ կողմի փոքրիկ աղոթասրահ մտնելու և վեր նայելու դեպքում։
Գտնվելու վայրը՝ Իսրայելյան փ., 21
Սրտի 7 - Սուրբ Աննա եկեղեցի
Հայ առաքելական եկեղեցու տաճար, որը կառուցվել է 2015թվականին։ Նրանից արևմուտք գտնվում է Կաթողիկոսի նստավայրը։
Սուրբ Աննա եկեղեցին ասես գիրկն է առել հնագույն Կաթողիկե եկեղեցին․ և կառուցված է նմանատիպ ճարտարապետական ոճով։
Կաթողիկե եկեղեցու պատերից մեկի վրա փորագրված ամենահին արձանագրությունները թվագրվում են 1264 թվականով։ 1679 թվականի երկրաշարժից հետո եկեղեցու արևմտյան մասին կից կառուցվել է Սուրբ Աստվածածնի մեծ բազիլիկը։ 1936 թվականին բազիլիկը քանդվել է՝ բնակելի շենքերի և լեզվաբանական ինստիտուտի համար տեղ բացելու նպատակով։ Քանդման ժամանակ մեծ բազիլիկի կառուցվածքում հայտնաբերվել է հնագույն Կաթողիկե եկեղեցին։ Հնագետների բողոքից հետո եկեղեցին պահպանվել է։ Ավերված եկեղեցու պատերի ներսում հայտնաբերվել են 15-17-րդ դարերի բազմաթիվ հին խաչքարեր։
Ներկայիս Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը շարունակում է կրել Կաթողիկե անունը, չափերով համեմատաբար փոքր է և շատ սահմանափակ տարածքի պատճառով այն օգտագործվում է միայն որպես մատուռ-աղոթատեղի։
Գտնվելու վայրը՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկ