Դռներ
Ագռավի տուզ
Ագռավի տուզ - Եզնիկ Կողբացի փողոցի վրա գտնվող հին շենքի դուռ է: Մուտքի վերևում փորագրված է «БР М» մակագրությունը։ Սա հապավում է, որ նշանակում է «Մնացականյան եղբայրներ»։ Գեղամ և Հովհաննես Մնացականյաններն առաջինն էին, որ Երևանում բացեցին ոսկյա և արծաթյա զարդերի խանութ, նրանք եվրոպական ապրանքների առաջին ներկրողներն էին Ռուսաստանից, Լեհաստանից և Գերմանիայից։
Ագուռի տուզ
Ագուռի տուզ - 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցված՝ Հանրապետության փողոցում գտնվող հուշարձան-շենքի դուռն է: Այս հուշարձանի մասին տեղեկություններ չեն պահպանվել, նրա ճարտարապետն անհայտ է, սակայն որպես տիպային շինություն այն իրենից ներկայացրել է տուն՝ 2 բնակարանով։ Այս տան վերջին բնակիչներից մեկը պատմել է. «Մեծերն ասում էին, որ ավելի վաղ տանտերը բակի կողմում լողավազան է կառուցել, իսկ տան առաջին հարկում հասարակաց տուն է գործել»։ Որքանով է ստույգ այս տեղեկությունը՝ հայտնի չէ:
Ներկայում կա որոշում այն մասին, որ շենքը պետք է վերակառուցման և ամբողջությամբ վերականգնման վերաբերյալ։
Խաչի տուզ
Խաչի տուզ - Նշանավոր վաճառական, հասարակական գործիչ, քաղաքային դումայի անդամ Բարսեղ Եղիազարյանի՝ Աբովյան 8 հասցեում գտնվող հնամյա տան դուռն է։ Տունն այժմ ծառայում է որպես գրախանութ։
Տունը կառուցվել է 1880-ականներին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից շենքի երկրորդ հարկում գործել է զինվորական հոսպիտալ, որի տնօրենը հայտնի վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանն էր։ 1918 թվականի մայիսի վերջին հիվանդանոցն իր խնամքի տակ է վերցրել Սարդարապատի ճակատամարտի վիրավոր հերոսներին։
Հենց այս տան պատշգամբից էլ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին հայտարարվել է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին։
Սրտի տուզ
Սրտի տուզ - Պուշկինի փողոցում՝ հրշեջ ծառայության շենքի (նախկին) հարևանությամբ գտնվող եզակի երկհարկանի տան դուռը․ Ժամանակին տունը պատկանել է հայտնի գինեգործ Վասիլ Թաիրովին։ Այդ տան նկուղում գտնվում էր գինու մառան, որը հայտնի էր ամբողջ Հայաստանում։ Ի դեպ, Երևանում առաջին անգամ հենց այս տան բակում գտնվող ծորակից է ջուր հոսել, այսինքն՝ եղել է մշտական ջրամատակարարում։