Խորհրդային ճարտարապետության կոթողներ
«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայանը խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոց համարվող ճարտարապետական հուշարձան է։ Նրա պատմությունը սկսվել է 1970-ականների սկզբին, երբ հայտարարվեց ճարտարապետական նախագծերի բաց մրցույթ։ Առաջին մրցանակին արժանացան կոնստրուկտոր Ս.Բաղդասարյանը և մի խումբ ճարտարապետներ՝ Ա.Թարխանյանի գլխավորությամբ։
Շինարարությունը բավականին արագ իրականացվեց, և «Զվարթնոցը» բացվեց արդեն 1980 թվականին։
Շինարարության ընթացքում այն անվանում էին և՛ չբացահայտված թռչող օբյեկտ, և՛ տիեզերանավ: Կարելի էր նույնիսկ «Աստղային պատերազմների» մասին ֆիլմ նկարել։ Սակայն այն ժամանակներում ոչ մի արտասահմանցի ռեժիսոր չէր կարող գալ ԽՍՀՄ՝ հասկանալի պատճառներով։ Ուստի և, Խորհրդային երկրի ամենաժամանակակից օդանավակայանի արտասովոր շենքը հայտնվեց միայն մեկ հայտնի ֆիլմում՝ 80-ականների խորհրդային-լեհական մանկական կինոհիթում՝ «Պան Բլոբի ճամփորդությունները»: Ըստ լեհ կինոգործիչների՝ «Զվարթնոցը» տիեզերական անկրկնելի տեսքով պարզապես հրապուրել էր իրենց։
Հին «Զվարթնոց» օդանավակայանը (ինչպես և հնագույն Զվարթնոցի տաճարը) դարձել էր Երևանի իսկական խորհրդանիշը։ Սակայն 2000-ականների սկզբին վերակառուցման անհրաժեշտություն առաջացավ, և 2004 թվականին սկսվեց նոր օդանավակայանի շինարարությունը:
Սակայն հին տերմինալը, չնայած այն հանգամանքին, որ արդեն երկար տարիներ չի օգտագործվում իր ուղղակի նպատակով, մինչ օրս ուշադրություն է գրավում։
Երիտասարդական պալատ
ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցելու որոշում կայացրին։ Երևանյան պալատը նախատեսվում էր կառուցել բարձրադիր տեղում՝ բոլոր կողմերից տեսանելի լինելու համար։ Ընտրվեց Քանաքեռի բարձունքը՝ Աբովյան փողոցի վերջնամասում։ 1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդական պալատի բացման արարողությունը։
Ճարտարապետներ՝ Հրաչ Պողոսյան, Արթուր Թարխանյան և Սպարտակ Խաչիկյան։
Համալիրը ներառում էր սանդղավանդների համակարգ, 14 հարկանի հյուրանոց՝ 500 տեղով, կինոցուցադրությունների ու համերգների դահլիճ՝ 1200 նստատեղով։ Վերջին հարկում սրճարան էր, որի հատակը պտտվում էր։ Մեկ ժամվա ընթացքում սրճարանը մեկ լրիվ պտույտ էր անում իր առանցքի շուրջը՝ հնարավորություն տալով վայելելու քաղաքի տեսարանը։ Այստեղ տեղերը պետք էր նախապես ամրագրել։ Առաջին սանդղավանդում փակ լողավազան էր, վարչական գրասենյակներ, ստեղծագործական արվեստանոցներ, լուսանկարչական և կինոսիրողների լաբորատորիաներ էին։ Երկրորդ սանդղավանդում տեղակայված էին հարսանյաց սրահը, բանկետների սրահներ, դիսկոտեկ, ռեստորան և սրճարան: Պալատի հանդիսավոր բացման ժամանակ հարսանյաց սրահում գրանցվեց առաջին ամուսնությունը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ամուսիններ դարձան Երևանի մեխանիկական գործարանի աշխատակիցներ Սմբատ և Ալվարդ Ավետիսյանները։ Իրականում, այդ օրը՝ 1979թ. ապրիլի 7-ին, ամուսնությունը գրանցեց 4 զույգ, և առաջինը Արա Ասոյանը (եղել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստը) ու նրա կինն էին։
Երրորդ սանդղափուլում տեղակայված էին հյուրանոցի նախասրահն ու տուրիստների սպասարկման բյուրոն։
1980-ականներին Երիտասարդական պալատը մեծ դեր ունեցավ հայկական ռոք շարժման գործում։
Պալատի ինտերիերը լի էր երիտասարդներով և գարնանային թարմությամբ. բարում տեղադրված էր «Ադամ և Եվա» ոսկեզօծ քանդակը (գործ՝ Մկրտիչ Մազմանյանի), իսկ նախասրահում՝ Թոմ Գևորգյանի «Գարուն» աշխատանքը։ Արմինե Կալենցը Հայաստանի պատկերներով մի շարք որմնանկարներ էր ստեղծել, Զորիկ Ստեփանյանը փայտից պատրաստել էր Հայաստանի քարտեզը, որը ներկայացված էր նախասրահի պատերից մեկի վրա։ Ընդունելությունների սրահը զարդարում էր Նելլի Ասատրյանի գոբելենը, իսկ Մարտին Զաքարյանի աշխատանքի շնորհիվ ստեղծվեցին Հարսանյաց պալատի հայտնի վիտրաժները։
Այս գործերի ճակատագիրն այսօր անհայտ է։
2005 թվականին շենքը քանդելու որոշում կայացվեց... Ցավոք, ոչնչացվեց Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը...