Թանգարաններ
Ագռավի 8 – «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան․
Գտնվում է Արին-Բերդ բլրի վրա, Էրեբունի ուրարտական ամրոցի ավերակների մոտ։ Թանգարանում հավաքված են բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են 1950-1959 թվականներին Էրեբունի ամրոցի պեղումների և 1939-1958 թվականներին հարևանությամբ՝ Կարմիր Բլուր հնավայրում գտնվող ուրարտական Թեյշեբաինի քաղաքի պեղումների արդյունքում։ Ամենաարժեքավոր ցուցանմուշները համարվում են ուրարտական ժամանակաշրջանի 23 սեպագիր տախտակները։
Ագուռի 8 - Երևանի պատմության թանգարան.
Տեղակայված է քաղաքապետարանի շենքում։ 1931 թվականին Երևանի հրշեջ կայանի 2-րդ հարկի երկու սենյակում բացված թանգարանը ստանում է «Կոմունալ» անվանումը։ 1936 թվականին այն վերանվանվում է Երևանի պատմության թանգարանի և տեղափոխվում Կապույտ մզկիթ, որտեղ գործում է 56 տարի։ 1994 թվականին թանգարանը կրկին «տեղափոխվում է», սկզբում՝ նախկին Սուրբ Հռիփսիմե իգական գիմնազիա, իսկ1997 թվականին՝ Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոց։ Եվ միայն 2005 թվականին այն գտավ իր վերջին հանգրվանը՝ զբաղեցնելով քաղաքապետարանի նոր շենքի ձախ թևը։
Խաչի 8 - Կոմիտասի թանգարան-ինստիտուտ.
Գտնվում է Կոմիտասի զբոսայգում։ Թանգարանը նվիրված է կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը. թանգարանի մշտական ցուցադրության ութ սրահներում հավաքված են տեղեկություններ Կոմիտասի կյանքի և ստեղծագործության, երաժշտագիտության և հոգևոր ժառանգության մասին՝ անձնական իրեր, Գևորգյան ճեմարանում ուսանելու շրջանում ստեղծված նոտագրություններ, հայտնի արվեստաբանների զանազան ուսումնասիրություններ՝ նվիրված Կոմիտաս-երաժշտին, հրատարակված գրքեր, բազմաթիվ աշխատություններ, նկարներ, քանդակներ և ֆիլմեր։
Սրտի 8 - Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան.
Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ձորագյուղ փող․ 15-16 հասցեում։
Ստեղծվել է 1988 թվականին՝ Հայաստանում կինոռեժիսորի և նկարչի առաջին ցուցահանդեսից հետո։ Երևան տեղափոխված Փարաջանովն ինքն է ընտրել թե՛ վայրը (Երևանի Ձորագյուղ ազգագրական թաղամասը)՝ որպես իր սեփական տուն և թանգարան, թե՛ շինարարության նախագիծը։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի և սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով թանգարանը բացվեց միայն 1991 թվականի հունիսին՝ Փարաջանովի մահից մեկ տարի անց։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է մոտավորապես 1400 ցուցանմուշից, ներառյալ՝ Փարաջանովի թբիլիսյան տան կահավորանքը և դեռևս նրա կենդանության օրոք իր կամքով Երևան տեղափոխված անձնական իրերը, նաև՝ ինստալացիաները, կոլաժները, ասամբլյաժները, գծանկարները, տիկնիկները և գլխարկները: Թանգարանում ցուցադրված են նաև չհրապարակված սցենարներ, լիբրետոներ և արվեստի տարբեր գործեր, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում գտնված ժամանակ։ Օրինակ՝ ներկայացված են «թալերները», որոնք նա պատրաստել է կեֆիրի շշերի կափարիչներից՝ նստած լինելով Լուկյանովսկայա բանտում։