Գրադարաններ
Ագռավի 5 – Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտ․ գիտահետազոտական կենտրոն, որն աշխարհի ամենամեծ ձեռագրապահոցներից մեկն է և հին հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցը։ Ինստիտուտին առընթեր գործում է այցելուների համար բացված թանգարան։
Այն ստեղծվել է Էջմիածնում գտնվող Սուրբ Աթոռի ձեռագրերի հավաքածուի հիման վրա։
Մատենադարանի ֆոնդերում ընդգրկված է ավելի քան 17 հազար հնագույն ձեռագիր, որից 14,5 հազարը՝ հայերեն, ևս 2,5 հազարը օտարալեզու ձեռագրեր են՝ արաբերեն, ասորերեն, պարսկերեն, հնդկերեն, ռուսերեն, վրացերեն, լատիներեն, եթովպերեն և այլն։ Շատ գրքեր դրվագազարդ են կամ ասեղնագործված են ոսկով, արծաթով, ունեն փղոսկրե կազմեր և պատված են թանկարժեք քարերով։ Ձեռագրերի ամենահին պատառիկները պատկանում են 5-6-րդ դարերին, ամենահին նկարազարդումներն ու մանրանկարները 6-7-րդ դարերի Էջմիածնի Ավետարանից են։ Ամենահին ամբողջական ձեռագիրը Վեհամոր Ավետարանն է՝ թվագրված 887 թ., ամենամեծը Մշո ճառընտիրն է (Մուշի Սրբոց Առաքելոց վանք, 1200–1202թթ․, 70,5x55 սմ, 27,5 կգ), իսկ ամենափոքրը՝ Տոնացույցը (1434 թ․, 4×3 սմ, 19 գ):
Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1959 թվականին՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով։
Գտնվելու վայրը՝ Մեսրոպ Մաշտոցի պող․, 53
Ագուռի 5 – «Միրզոյան» գրադարան
Սա ողջ տարածաշրջանում գործող առաջին ֆոտոգրադարանն է։ Հիմնադրվել է 2014 թվականին՝ ճանաչված լուսանկարիչ-վավերագրող Կարեն Միրզոյանի կողմից։
Առաջին հարկում գտնվում է ընթերցասրահը։ Գրադարանում կան տարբեր ժանրերի գրքեր, հիմնականում՝ գեղարվեստական և վավերագրական լուսանկարչություն։
Երկրորդ հարկում պատկերասրահ է և սրճարան։ Ամեն ամիս այստեղ կազմակերպվում են վարպետության դասեր, դասախոսություններ և տարբեր միջոցառումներ՝ կապված ոչ միայն լուսանկարչության, այլև արվեստի այլ ճյուղերի հետ։
Գտնվելու վայրը՝ Մհեր Մկրտչյան փող., 10
Խաչի 5 - Հայաստանի ազգային գրադարան
Սա հայկական հրատարակչական արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոն է։
Գրադարանն ունի տարբեր հավաքածուներից բաղկացած հարուստ ֆոնդ (ձեռագրեր, գրքեր, ամսագրեր, պարբերականներ, ատենախոսություններ և ավտոռեֆերատներ, քարտարան և այլն), որոնց շարքում առանձնակի տեղ են գրավում առաջին հայերեն տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512 թ.) հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796թթ․) և հայատառ առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը» (Ամստերդամ, 1695 թ. )։
Գրադարանը տեղակայված է չորս մասնաշենքում. Դրանցից ամենահինը` գլխավոր մասնաշենքը, կառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1939թ.-ին։
Գտնվելու վայրը՝ փ. Տերյան 72
Սրտի 5 - Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Գրադարանը հիմնադրվել է 1933 թվականին, իսկ 1935 թվականին հայ մանկավարժ և մանկագիր Աթաբեկ Խնկոյանի (Խնկո-Ապեր) մահվանից հետո այն անվանակոչվել է՝ ի պատիվ նրա։ 1979 թվականը Երեխաների համաշխարհային տարի հռչակվելու կապակցությամբ 1980 թվականին գրադարանին է տրամադրվել ճարտարապետներ Լևոն Գալումյանի և Ռուզան Ալավերդյանի նախագծով կառուցված նոր շենքը։
Այս գրադարանում հավաքված է գրականության ամենամեծ հավաքածուն 3-ից 18 տարեկան երեխաների և դեռահասների համար․ ֆոնդը ներառում է ավելի քան 500 000 միավոր գիրք՝ հայերեն և օտար լեզուներով, երաժշտական գրականություն, պարբերականներ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային կրիչներ։ Կան գերմանական և պարսկական գրականության բաժիններ։ Գրադարանում գործում են գեղարվեստի, թատերական և պոեզիայի ստուդիաներ, անցկացվում են հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ։
Գտնվելու վայրը՝ փ. Տերյան 42/1