Պատմական հյուրանոցներ
Ագռավի 3 - Seven Visions Resort & Places, Դվին
Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող այս ժամանակակից հյուրանոցը կառուցվել է իր ժամանակի նշանավոր, նորաձև «Դվին» հյուրանոցի տեղում՝ Երևանի ամենահին և կոլորիտային Կոնդ թաղամասում:
«Դվին»-ը կառուցվել է 1979 թվականին ճարտարապետներ Ֆ․Հակոբյանի, Ա․Ալեքսանյանի և Է․Սաֆարյանի թիմային նախագծով, և խորհրդային տարիներին երկար ժամանակ իրավամբ համարվում էր մոդեռնիստական ճարտարապետության նմուշ։ 1984թ․-ին հյուրանոցի դիմաց կանգնեցվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար» (Քոչարի) արձանախումբը, որը շուտով դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը։
Այս շենքը բարդ ճակատագիր է ունեցել․ ԽՍՀՄ փլուզման հետ միասին ավարտվեց նաև նրա վերելքի շրջանը, ապա սկսվեց երկարատև լքվածության ու ամայացման շրջանը՝ մինչև 2022 թվականը, երբ այս վայրում բացվեց Երևանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը։
Գտնվելու վայրը՝ Պարոնյան փող., 40 շենք
Ագուռի 3 - Անի Պլազա հյուրանոց
«Անի» հյուրանոցը, որ Երևանի առաջին բարձրահարկ (16 հարկանի) շենքն է, բացվել է 1970թ. նոյեմբերի 29-ին, գործելով խորհրդային Ինտուրիստ համակարգում՝ շուտով դարձել է Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկը։
Հյուրանոցի անվանումը խորհրդանշում է Անին՝ Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը, որի զինանշանը պատկերված է հյուրանոցի տարբերանշանին։ «Անի» հյուրանոցի ճարտարապետներն են Ֆենիքս Դարբինյանը, Ֆելիքս Հակոբյանը և Էդուարդ Սաֆարյանը։
Կոնստրուկտորները՝ Գ. Բալայանը և Ա. Շահնազարյանը։
Չնայած այն հանգամանքին, որ «Անի»-ն առաջին կարգի հյուրանոցի փոխարեն արժանացել է զբոսաշրջային հյուրանոցի կոչմանը, այն տարբերվել է իր ինտերիերով և հիանալի խոհանոցով։ Ժամանակին այնտեղ ելույթ են ունեցել Լարիսա Դոլինան, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը։ Այստեղ է գտնվել Երևանի՝ արժույթով աշխատող առաջին բարը։ Հյուրանոցն ուներ մառան, որտեղ ազգային երաժշտության ներքո անցկացվում էին հայկական գինիների, կոնյակների և ավանդական ուտեստների համտեսներ։ Հյուրանոցի ստորին հարկում գտնվում էր հայտնի «Ուրարտու» ռեստորանը, իսկ աջ կողմում «Սնեժինկա» սրճարանն էր, որտեղ վաճառվում էր քաղաքում առաջին գունավոր պաղպաղակը...
1990 թվականին հյուրանոցի շենքն ամբողջությամբ վերակառուցվեց ու վերանորոգվեց, և այդ ժամանակից ի վեր այն գործում է որպես չորս աստղանի հյուրանոց, որ կրում է«Անի Պլազա հյուրանոց» բրենդային անունը։
Գտնվելու վայրը՝ Սայաթ-Նովայի պող, 19
Խաչի 3 - Armenia Marriott Hotel Yerevan
Հյուրանոցի շենքը, որ Հանրապետության հրապարակը եզերող համակառույցի մի մասն է, կառուցվել է 1950թ.-ին։
Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, դիզայներ-հեղինակ՝ Կոնստանտին Ալթունյան։
Հյուրանոցը կոչվել է «Արմենիա»։ Խորհրդային շրջանում այն գլխավոր տուրիստական հյուրանոցն էր։
Խորհրդային Միության փլուզումից հետո հյուրանոցը սեփականաշնորհվեց, 1998 թվականին հիմնովին վերանորոգվեց միջազգային չափանիշներին համապատասխան և կոչվեց «Արմենիա Մարիոթ հյուրանոց Երևան»։
Հյուրանոցի շենքը ներառված է պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկում։
Գտնվելու վայրը՝ Ամիրյան փող., 1 շենք
Սրտի 3 - Գրանդ Հոթել Երևան
1926 թվականին Երևանի գլխավոր՝ Աբովյան փողոցում (այն ժամանակ՝ Աստաֆիևսկայա փողոց) սկսվեց շատ կանխատեսելի՝ «Երևան» անվանումով հյուրանոցի շինարարությունը։ Շենքը նախագծել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանը։ Հյուրանոցը շահագործման է հանձնվել 1928թ.-ին։
1928-ից մինչև 1935 թվականը հյուրանոցի երկրորդ հարկի 21-րդ սենյակում ապրում էր Եղիշե Չարենցը։ 30-ականներին հյուրանոցի սրճարանն այն վայրն էր, որտեղ հավաքվում էր երևանյան բոհեմը․ մշտական այցելուներից էին Շիրվանզադեն, Գուրգեն Մահարին, Չարենցը, Արա Սարգսյանը, Փանոս Թերլեմեզյանը։ 1936 թ․ օգոստոսի 9-ի գիշերը հենց հյուրանոցի ռեստորանում ձերբակալվեց Գուրգեն Մահարին. «Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ միասին կոնյակ էինք խմում և ձմերուկով թարմացնում կոկորդներս...»։ 1929-ին 4-րդ հարկից առաջին անգամ սկսեց հեռարձակվել Խորհրդային Հայաստանի ռադիոն, 1935-ին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը Համո Բեկնազարյանի (իշիասը տապալել էր նրան) սենյակում երաժշտություն էր գրում «Պեպո» ֆիլմի համար․․․
1999 թ․հյուրանոցը վերակառուցվել է իտալական շինարարական ընկերության կողմից, իսկ 2009 թ․ այն հիմնովին վերանորոգվել է։
Այն ճարտարապետական հուշարձան է և պահպանվում է պետության կողմից։
Գտնվելու վայրը՝ Աբովյան փող․, 14 շենք